Իմ մասին

Ողջո՛ւյն, ես Աննա Հայրոյանն եմ, մեր ընտանիքի երրորդ դուստրը: Անունս հայրիկս է դրել այդ ժամանակ նոր ցուցադրվող «Սայաթ-Նովա» ֆիլմից։
Մայրիկս ասում է.
-Ես էլ ասացի` կարճ անուն դնենք, որ չորրորդը տղա ծնվի:
Այդպես էլ եղավ: Երեք տարի հետո ծնվեց եղբայրս: Մայրիկս պատմում է, որ հորաքույրներս դժգոհել են.
-Երրորդ աղջիկն է, անունը Բավական դրե՛ք:
Ծնվել եմ ամռանը, գլխարկ դնել չեմ սիրել, ում գլխին գլխարկ եմ տեսել, հանել եմ: Չարաճճի երեխա եմ եղել: Պարտեզ չեմ հաճախել, մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Ծնողներս ընտրել են Բլեյանի դպրոցը: Հպարտությամբ նշեմ, որ մենք սեբաստացի ընտանիքից ենք: Ես հպարտ եմ, որ կրթահամալիրի և’ սան եմ եղել, և’ ուսանող, և’ այս պահին աշխատող: Իմ կյանքի պատմությունն անցել է կրթահամալիրում: Շնորհակա՛լ եմ, որ առ այսօր կրթահամալիրում եմ, որտեղ կրթվում և զարգանում եմ ամեն օր: Համոզված եմ` եթե ես այլ կրթական միջավայրում սովորեի, ազատ և ստեղծագործ չէի լինի. ամաչկոտությունս և համեստությունս ինձ միշտ կպարփակեին: Առաքելությունս չվնասող մարդ լինելն է: Չեմ ասում լավ մարդ, որովհետև մարդ չի կարող բոլորի համար լավը լինել: Երազանքս մեկն է, որ մարդիկ անմահ լինեն, իսկ նպատակս` երեխաներով լի, ամուր ընտանիք ստեղծելը:

Оставьте комментарий

Этот сайт использует Akismet для борьбы со спамом. Узнайте, как обрабатываются ваши данные комментариев.